Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցավոր հրամաններ տված բոլոր անձինք կպատժվեն: Իսկ իրավապահ մարմիններում լյուստրացիա պետք է անցկացվի: Այդ մասին հայտնել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: «Ոչ մի իրավախախտում անպատիժ չի մնա: Ես վստահ եմ, որ արյունահեղության պատճառ դարձած մարդիկ պատժվելու են», - ասել է Կլիչկոն: Ըստ նրա` տարօրինակ է հետեւել, որ հին իշխանության ներկայացուցիչները «մկների նման ծակն են մտել», իսկ ոմանք էլ նույնիսկ հասցրել են փախչել երկրից: «Նախարար Զախարչենկոն թաքնվել է, նախագահ Յանուկովիչին չեն կարողանում գտնել, միլիարդատեր Կուրչենկոն նույնպես անհետացել է», - նշել է նա: Կլիչկոն շնորհակալություն է հայտնել սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք թույլ չեն տվել երկրից փախչել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Վիտալի Կլիչկոն նաեւ նշել է, որ այսօր իրավապահ մարմինների ներկայացուցիչների հեղինակությունը ոչնչացված է: «Այն վերադարձնելու համար երկար ժամանակ է պետք: Ես վստահ եմ, որ պետք է լյուստրացիա տեղի ունենա», - վստահ է ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդը: Կլիչկոն հիշեցրել է, որ իրենք ունեն Վրաստանի լավագույն օրինակը, հայտնում է ՈՒՆՆ-ը` վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությունը: