Սեւաստոպոլը դիմակայելու է ուկրաինացի ազգայնականներին, որոշել են փետրվարի 23-ին քաղաքապետարանի առաջ տեղի ունեցած ցույցի մասնակիցները: Մասնակիցները որոշել են, որ քաղաքը պետք է կառավարի Ռուսաստանի քաղաքացի, տեղի գործարար Ալեքսեյ Չալին: Ռուսական դրոշներով հավաքավածների առաջ ելույթ են ունեցել տեղի հասարակական գործիչները եւ ակտիվիստները, ցույցի անվտանգությունն ապահովել են «Ռուսկի բլոկ» կուսակցության կողմնակիցները: Ցույցի ընթացքում բողոքողները անվստահություն են հայտնել գործող քաղաքապետ Վլադիմիր Յացուբին: Նրանք որոշել են տեղական ժողովրդական խորհուրդ ձեւավորել, հայտարարել է տեղի փաստաբան Բորիս Կոլեսնիկովը: Ենթադրվում է, որ Չալին պետք է անմիջապես սկսի աշխատանքը: «Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքը եւ թույլ չենք տա ոչ ոքի մեզ պայմաններ թելադրել, այն էլ` ազգայնականներին», - խոստացել է նա, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»: «Ռուսկի բլոկ» կուսակցության առաջնորդ Գենադի Բասովը հայտնել է կամավորների շարքերից ինքնապաշտպանության ուժային ջոկատներ ստեղծելու մասին: Ըստ նրա` գրանցվել կարող են միայն իրենց ընտանիքները պաշտպանելու ունակ եւ առողջությունը վտանգելու պատրաստ տղամարդիկ: Հաղորդվում է նաեւ, որ քաղաքի մուտքի ճանապարհներին հակատանկային «ոզնիներ» են հայտնվել: Մայրուղու մայթեզրին վագոն է տեղակայված, որտեղ հերթապահում է ոստիկանությունը: Սեւաստոպոլը Ուկրաինայի պետական նշանակության քաղաք է, գտնվում է Ղրիմի թերակղզու հարավ-արեւմուտքում` Սեւ ծովի ափին: Քաղաքում տեղակայված են ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի կայանները: Իսկ Ղրիմի Կերչ քաղաքում ցուցարարները քաղաքապետարանի առաջ ռուսական դրոշ են տեղադրել: Ցուցարարների ցրվելուց հետո քաղաքապետարանում կրկին տեղադրել են Ուկրաինայի դրոշը: Իսկ Ուկրաինայի մեկ այլ սեւծովյան քաղաքում` Օդեսայում, 200 մարդ գնացել էր «Բերկուտի» բազա` հատուկ նշանակոթյան ջոկատայիններին աջակցություն հայտնելու համար: Եվրամայդանի հակառակորդները Ռուսաստանի դրոշներ են ունեցել մոտները եւ «Օդեսսկայա դրուժինայի» մեծ պաստառ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Սեւաստոպոլի ռուսները կազմակերպում են քաղաքի պաշտպանությունը` ուկրաինացի ազգայնակ
Հասանելի է
русскийՏեղադրություն











