Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր զորակցությունն է հայտնել Ուկրաինայի ցուցարարներին: Այս մասին Սահակաշվիլին փետրվարի 24-ին հայտարարել է Եվրամայդանի բեմից: Ըստ քաղաքական գործչի` ուկրաինացիները փոխել են ոչ միայն իրենց երկրի պատմությունը, այլեւ` ամբողջ աշխարհի: Նա նշել է, որ Մայդանի հաղթանակը կարող է վերջ դնել Ռուսաստանի Դաշնության հզորությանը:
«Դուք պատմություն եք գրել, փոխել եք աշխարհը: Դուք գերազանցեցիք իմ բոլոր սպասելիքները, երազանքները: Դուք դաս տվեցիք ամբողջ աշխարհին: Ցանկանում եմ ծնկի գալ ձեր առաջ: Հատկապես «Երկնային հարյուրյակի» առաջ, այդ հերոսների, որոնք զոհաբերեցին իրենց: Նրանք ոչ միայն Ուկրաինայի ազատության նահատակներն են, այլեւ մեր բոլորի ազատության մարտիկները», - ասել է Սահակաշվիլին:
«Եվրոպայի սիրտը Բրյուսելում չէ եւ ոչ էլ Բեռլինում, Եվրոպայի սիրտը բաբախում է Կիեւում: Ճակատագիրը վճռվում է Ուկրաինայում», - հավելել է նա, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Այս Մայդանում դուք զարմացրիք ողջ աշխարհին: Սակայն այժմ պետք է զարմացնեք եւս մեկ անգամ: Զարմացրեք մեզ եւս մեկ անգամ. կառուցեք ազատ եւ հաջողակ Ուկրաինա: Հավերժ», - նշել է Սահակաշվիլին:











