Փետրվարի 23-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքը գտնվում է վթարային վիճակում, շենքի կողային պատի քարերը թուլացել եւ պարբերաբար թափվում են: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: 

Տեղում պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (ունի երկու մուտք, 126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն: Շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում եւ պարբերաբար թափվում են:

Շենքի հիմնական պատերին եւ բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետեւանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ:

Տանիքի ծածկը վնասված է, ինչի հետեւանքով անձրեւաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` բնակիչներին մինչեւ հարցի վերջնական լուծումն առաջարկվել է գիշերել այլ կացարաններում: