Թաիլանդի մայրաքաղաքում բողոքի հերթական ցույցն է տեղի ունենալու: Այս անգամ հակակառավարական ցուցարարները մտադիր են բոյկոտել երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավատի ընտանիքի հետ կապված բոլոր ընկերությունները: Այս մասին հայտարարել է ցուցարարների առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանը:
Երկուշաբթի առավոտյան մի խումբ ցուցարարներ ծայրահեղական գաղափարներով հայտնի բուդդայական մի կրոնավորի գլխավորությամբ շրջափակել են Բանգկոկի Voice TV հեռուստատեսության գրասենյակը, որը ղեկավարում է 2006թ. իշխանությունից հեռացված Թաքսին Չինավատի որդին:
Ավելի վաղ Տաուգսուբանն իր համախոհներին կոչ էր արել հրաժարվել թագավորության խոշոր բջջային օպերատոր «Աիս»-ի ծառայություններից, որի բաժնետոմսերը նախկինում պատկանել էին Թաքսին Չինավատին: Արդյունքում ընկերությունն ստիպված է եղել հաճախորդներին SMS-ներ ուղարկել, որում հաստատում է, որ «օպերատորը Չինավատ ընտանիքի բիզնեսի հետ ոչ մի կապ չունի», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Չինավատ ընտանիքը Թաիլանդի ամենահարուստ ընտանիքներից է: Ըստ հեղինակավոր Forbes ամսագրի` 2012թ. Չինավատ ընտանիքի կարողությունը գնահատվում էր 12,3 միլիարդ դոլար: Ըստ Forbes–ի` Թաիլանդի ամենահարուստ մարդկանց ցանկում Չինավատների ընտանիքը զբաղեցնում է երկրորդ տեղը:




























