Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կիրակնօրյա հերթական պլենումում ձայների մեծամասնությամբ կուսակցության նոր ղեկավար կազմ է ընտրվել:

Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել Տաճատ Սարգսյանը, որը  նախկին ղեկավար Ռուբեն Թովմասյանի հրաժարականից հետո կատարում էր կուսակցության ղեկավարի պարտականությունները: Երկրորդ քարտուղար է ընտրվել Կենտկոմի երիտասարդական քաղաքականության հարցերով քարտուղար Երջանիկ Ղազարյանը:

Կենտկոմի նոր քարտուղարներ են դարձել Սպանդարյանի շրջանային (Երեւան)  եւ Կիրովականի (Վանաձոր) քաղաքային կուսակցական կազմակերպությունների  ղեկավարներ Դոնարա Նալբանդյանը եւ Անդրանիկ Ղուկասյանը:

NEWS.am-ի տեղեկություններով` Կենտկոմի մի քանի անդամներ, Լենինականի քաղկոմի ղեկավար, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախկին առաջին տեղակալ Գագիկ Մանուկյանի  գխավորությամբ,  կտրականապես դեմ են արտահայտվել առաջադրված թեկնածուներին, աղմուկ բարձրացրել: Սակայն Կենտկոմի անդամների ճնշող մեծամասնությունը նրանց չի աջակցել:

Կոմկուսի Կենտկոմի նիստում որոշվել է  նաեւ նախապատրաստվել հերթական համագումարին: Մարտ-ապրիլ ամիսներին տեղի կունենան սկզբնական կուսակցական կազմակերպությունների հաշվետու-ընտրական կոնֆերանսները, իսկ մայիս-հունիսին` մարզային եւ քաղաքային կոմիտեներինը, որից հետո Կենտկոմը կնշանակի  համագումար: