Ուկրաինացիներն իրենց գործողություններով հետխորհրդային երկրների համար հույսի դուռ բացեցին դեպի Եվրամիություն: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով վերջին օրերին Ուկրաինայում կատարվող իրադարձություններին:

«Ուկրաինացիներն ապացուցեցին, որ կրիմինալ օլիգարխիկ երկիր չէ Ուկրաինան: Իսկ ամենակարեւորն այն է, որ դուռ բացեցին դեպի Եվրամիություն, իսկ մեզ համար` հետխորհրդային երկրներիս համար, հույսի դուռ դեպի եվրոպական ընտանիք»,- ասաց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանը համոզված է, որ Կիեւում պայքարողներն ի սկզբանե իշխանություն փոխելու նպատակ չեն ունեցել. «Ուկրաինացին պարզապես ցանկանում էր փոխել համակարգը: Այնտեղ ոչ մեկը իշխանության գալու նպատակ չուներ, մարդկանց միակ ցանկությունը կրիմինալ ռեժիմից ազատվելն էր»:

Իր հերթին ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը զուգահեռներ է անցկացնում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ չբացառելով, որ շուտով Հայաստանում նույնպես Մայդան կլինի. «Հայաստանում առկա բոլոր նախաձեռնությունները` Մաշտոցի պուրակից սկսած մինչեւ կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ բողոքները խոսում են այն մասին, որ մեզ մոտ հասունանում է պայքար ընդդեմ կրիմինալ ռեժիմի, եւ չի բացառվում, որ մեզ մոտ էլ շուտով մարդիկ փողոց դուրս կգան ու պայքարեն: Շուտով Հայաստանում էլ Մայդան կլինի»:

Փորձագետները միակարծիք են, որ նույնիսկ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերն էլ են արդեն միավորվում եւ համատեղ պայքարում իշխանությունների դեմ: Մասնավորապես Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Արդեն խմբակցությունները միասին են պայքարում ինչ-որ երեւույթների դեմ ու ոչ միայն խորհրդարանում, այլեւ քաղաքացիական նախաձեռնությունների հետ են համագործակցում»:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերից Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում: Իրավիճակը լարվել է հատկապես վերջին օրերին: Կիեւի Անկախության հրապարակում` Մայդանում, փետրվարի 18-ից վերսկսվել են բախումները ցուցարարների եւ իրավապահների միջեւ: Այս ընթացքում անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի:

Փետրվարի 22-ին ազատ էր  արձակվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որը 2011թ.-ից գտնվում էր անազատության մեջ: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 22-ից հետխուզման մեջ է գտնվում: Մայիսի 25-ին Ուկրաինայում նախատեսվում է արտահերթ նախագահական ընտրություններ: ԱՄՆ-ն եւ Եվրամիության մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից: