Երեւանում տեղի ունեցած կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը թե Հայաստանի համար ինչքան կարեւոր է կենսաթոշակային բարեփոխումը, ճնշում չէ քաղաքացիական հասարակության վրա. դեսպանը պարզապես ցանկացել է ընդգծել, որ «միջազգային ինստիտուտները միշտ էլ աշխատում են իշխանությունների հետ»: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
«Միջազգային ինստիտուտները միշտ էլ աշխատում են իշխանությունների հետ: Ջոն Հեֆերնն էլ դա ապացուցեց: Ըստ երեւույթին` միջազգային կառույցները մտածում են, որ Հայաստանը տնտեսական կոլապսից հանելու միջոցներին մեկն էլ հենց կուտակային պարտադիր համակարգի ներդրումն է, դրա համար ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն արեց»,- ասաց Էդգար Վարդանյանը:
Իր հերթին քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համոզված է, որ անկախ ամեն ինչից` Հայաստանում չպետք է ընդունվի այս օրենքը:
«Ով ինչ բարի կարծիք ունի կուտակային կենսաթոշակային նոր օրենքի մասին, որ դեսպանն ինչ է մտածում, կարեւոր չի. «պարտադիր» բաղադրիչը պետք է չլինի»,- նշեց փորձագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երեւանում տեղի ունեցած Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել էր. «Այսպիսով, ի՞նչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.
1) կապահովի երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարեւորն է՝ երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,
2) ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,
3) կբարելավի հարկային վարչարարությունը եւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,
4) կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները»:
ԱՄՆ դեսպանի ելույթը բողոքի մեծ ալիք էր առաջացրել կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարողների շրջանում: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները բաց նամակներով դիմել էին Ջոն Հեֆերնին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























