Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող միգրացիոն պահանջների վերանայման կապակցությամբ Հայաստանում եւ Ռուսաստանում ձեւավորվում են միջգերատեսչական աշխատանքային խմբեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառվող միգրացիոն պահանջների վերանայման կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին ուղղված նամակի հետագա ընթացքին:
Արթուր Միսակյանը տեղեկացրեց, որ Պատրուշեւի եւ Բաղդասարյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներկայումս թե Հայաստանում, թե Ռուսաստանում ձեւավորվում են միջգերատեսչական աշխատանքային խմբեր Հայաստանի եւ Ռուսաստանի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` համակողմանի ուսումնասիրելու համար նամակում բարձրացված, Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ մարդկանց միգրացիային առնչվող խնդիրները, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիներին առնչվող միգրացիոն քաղաքականության հիմնահարցերը:
«Երկու երկրների Անվտանգության խորհուրդների եւ պատկան մարմինների մասնակցությամբ ձեւավորված աշխատանքային խմբերը ձեռնամուխ են լինելու հնարավորինս արագ գտնել առաջադրված խնդիրների լուծման հնարավոր փոխընդունելի լուծումներ, քանի որ հիմնախնդիրը վերաբերում է հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Արդեն իսկ առաջիկա օրերին նախատեսվում է աշխատանքային խմբերի անդրանիկ հանդիպումը, որի արդյունքների մասին մեր հանրությունը կիրազեկվի»,- ասաց մամուլի քարտուղարը:



























