Աննախադեպ է, երբ բարձրաստիճան պաշտոնյան խորհրդարանական չորս խմբակցությունների՝ կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ կարծիք հայտնելուց ասաց. «Ղալաթ են անում»
Այդ մասին այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը:
«Սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։
Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։ «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Ա. Ռուստամյանի խոսքերը հարուցեցին պատգամավորների ծիծաղն ու ԱԺ նախագահի զայրույթը, ով դիմելով դահլիճին ասաց. «Չեմ հասկանում ինչո՞ւ տրամադրություններդ միանգամից բարձրացավ, ամեն դեպքում շատ վատ երեւույթ է, որ նման ձեւակերպումներ են լինում: Պարոն Բաբլոյան, ինչ կա էստեղ ուրախանալու, ես չեմ հասկանում: Ես զարմացած եմ ձեր պատասխանից, պարոն Ռուստամյան»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























