Համաղրիմյան կիրակնօրյա հանրահավաքի մասնակիցները Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների դադարեցում եւ արտահերթ ընտրությունների անցկացում են պահանջել, հայտնում է Մեջլիսի պաշտոնական կայքը:
Ցուցարարները նաեւ պահանջել են անհապաղ պատասխանատվության ենթարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ անջատողական կոչերի եւ գործողությունների համար, հայտնում է ЛІГА-ն:
Հավաքվածներն ընդունել են նաեւ հայտարարություն, որում պահանջել են անհապաղ Հատուկ հանձնաժողով ստեղծել` ՂԻՀ Սահմանադրության նոր խմբագրությունը նախապատրաստելու եւ ընդունելու համար:
«Մենք` Համաղրիմյան ցույցի անդամներս, Ուկրաինայի Գերագույն Ռադայից պահանջում ենք անհապաղ պատգամավորների հատուկ հանձնաժողով ստեղծել` Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նոր խմբագրությունը նախապատրաստելու եւ ընդունելու համար`Ղրիմի բոլոր բնակիչների իրավունքների եւ ազատությունների ապահովմամբ, անկախ ազգությունից եւ դավանանքից», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլեւը հայտարարել էր, որ Ղրիմի գործող իշխանությունը կկատարի Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշումը, նահանգի ուժային կառույցները կենթարկվեն խորհրդարանի նշանակած ղեկավարներին:
Հավելենք, որ Սեւաստոպոլի քաղաքապետ Վլադիմիր Յացուբը հրաժարական է տվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Սեւաստոպոլում զանգվածային ցույց էր տեղի ունեցել: Ըստ տարբեր գնահատականների` ցույցին մասնակցել էին 20 -25 հազար մարդ: Ցուցարարները հայտարարել էին, որ մտադիր են իրենք որոշել քաղաքի ճակատագիրը, ինչպես նաեւ «Սեւաստոպոլի առաջնորդ» էին ընտրել` ռուսաստանցի Ալեքսեյ Չալիին: Ցույցի մասնակիցները նաեւ Ռեգիոնների կուսակցության եւ Կոմունիստական կուսակցության ժողովրդական պատգամավորներից պահանջել էին վայր դնել իրենց լիազորությունները:




























