ԱԺ-ի շենքում մետաղալարեր են անցկացվում, տեսախցիկներ, անվտանգության սարքեր են տեղադրվում, կցանկանայինք իմանալ՝ ինչու է խորհրդարանը այդ տեխնիկայի համար այդքան ծախսեր անում: Այս մասին փետրվարի 24-ին ԱԺ-ի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով Հովիկ Աբրահամյանին: «Դուք երեւի հետեւելու եք՝  ում հետ ենք զրուցում, ինչի մասին ենք զրուցում եւ երբ: Տվեք ինձ «ժուչոկը», ես հանգիստ կասեմ՝ ուր եմ գնում եւ ինչու», - ասել է Մանուկյանը:

Ի պատասան` խորհրդարանի խոսնակը նշել է, որ հարցը կապ չունի օրակարգի հետ, այնուամենայնիվ, ինքը կբացատրի` ԱԺ-ում ինչու են անհրաժեշտ տեսախցիկները: «Դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Գաղտնալսող սարքեր տեղադրելը ձեր ներդրած գործառույթն է: Անցյալում` ձեր կառավարման օրոք, հնարավոր է, որ նաեւ գաղտնալսել են, այժմ նման բան չկա: Ես ոչ մի ցանկություն չունեմ որեւէ մեկին վերահսկելու, դա շատ վատ զբաղմունք է, եւ մենք ավելորդ փողեր չունենք դրա համար»: