ՀՀ ԶՈՒ-ն հակառակորդի համեմատ անգնահատելի առավելություն ունի. մենք մեր տունը, հողն ենք պաշտպանում: Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար, ՀՀ վաստակավոր լրագրող Սեյրան Շահսուվարյանը:

«Պատահում է, որ զինվորը չուզենալով գնում է բանակ: Հասնում է առաջին գիծ, ամեն ինչ փոխվում է, գիտակցում է հայտնվում, որ պաշտպանում ես հայրենիքը: Ադրբեջանցիների մոտ դա չկա», -ընդգծել է  Սեյրան Շահսուվարյանը:

Նա միաժամանակ համաձայն է, որ հայկական քարոզչությունը զիջում է. «խնդիրն այդ թվում նաեւ ֆինանսների հետ է կապված: Ադրբեջանը քարոզչամեքենայի համար հսկայական գումարներ է ծախսում, նավթադոլարները մեծ նշանակություն ունեն: Ու թեեւ Հայաստանը դրանցից չունի, մենք փոքր միջոցներով մեծ նպատակների ենք հասնում:  Միաժամանակ բարոյահոգեբանական տրամադրվածությունը բարձր է, մեր 1 տանկը նրանց 10-ին է հավասար: Սա մենք չենք ասում, այլ միջազգային դիտորդները:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հայոց բանակի սպառազինութան տեխնիկայի վերաբերյալ տեղեկություններին` Սեյրան Շահսուվարյանը նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ դա արդեն գաղտնիք չէ: «Կարելի է աշխատասենյակում նստած ամեն ինչ տեսնել` համացանցի օգնությամբ: Տեխնիկան չես թաքցնի: Առավել եւս, որ մենք ինքներս բազմիցս շքերթների ժամանակ ցուցադրել ենք տեխնիկան», - նշել է Շահսուվարյանը՝ հավելելով, որ միջազգային փորձագետները, այդ թվում նաեւ` թուրք,  այցելում են Հայաստան:

«Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ զորակոչային տարիքի երիտասարդները  հատուկ գալիս են Ռուսաստանից եւ հեռավոր արտասահմանից` Հայաստանում ծառայելու համար», - նշել է Սեյրան Շահսուվարյանը: Ըստ նրա` ներկայումս այդպիսի հարյուրավոր երիտասարդներ կան: 

Վերադառնալով բարոյահոգեբանական տրամադրվածության հարցին` պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ադրբեջանցիների հիշողության մեջ պետք է  ողջ  լինեն ղարաբաղյան պատերազմի իրադարձությունները: «Միայն Օմարի լեռնանցքում շուրջ 2,5 հազար ադրբեջանցի զինվոր  էր սառել. մենք ոչ մի փամփուշտ չէինք վատնել:  Սառած զինվորներն առանց սապոգների էին, քանի որ սպաները դրանք խլել էին, որպեսզի զինվորները չկարողանան փախչել», - ամփոփել է Սեյրան Շահսուվարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am