ՄՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կկարողանա ավելի շատ թարմ ձուկ աճեցնել: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Ըստ նրա՝ եթե այժմ Հայաստանում տարեկան աճեցնում են մոտ տասնմեկ հազար տոննա ձուկ, ապա ծավալները հնարավոր կլինի հասցնել մինչեւ 25-ի, երկարաժամկետ հեռանկարային ապագայում՝ մինչեւ 70 հազարի, որոնք հնարավոր կլինի իրացնել Ռուսաստանում ու ՄՄ մյուս երկրներում: Սակայն անգամ նման ծավալը, համոզված է Բաղիյանը, Ռուսաստանի ձկնարտադրողների մոտ անհանգստություն չի առաջացնի, քանի որ ռուսական չափանիշներով այն խոշոր չէ:

Ըստ նրա՝ ձկնաբուծության համար ջրային ռեսուրս կարող են հանդիսանալ մի շարք ջրամբարներ, ինչպես նաեւ Սեւանա լիճը, որի համար նախապատրաստվել է 162 մլն դոլարի պետական-մասնավոր ծրագիր: Այդ ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը ներդրողներ է փնտրում: