Ուկրաինայի դեպքերը Հայաստանում նույն ձեւով չեն կարող կրկնվել: Փետրվարի 24-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի հարցերով համակարգող, Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա`Հայաստանի բնակչությունն ավելի միատարր է եւ մասերի բաժանված չէ, ինչպես որ Ուկրաինայի դեպքում: «Վճռորոշ պահին մեր բնակչությունը հակված է գործելու ավելի հավասարակշռված եւ պատասխանատու», - նշել է Նավասարդյանը: Ըստ նրա համոզման` Հայաստանի ողջ քաղաքական դաշտը խելացի կլինի, եթե հասկանա, որ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար մարդիկ չեն կարող որպես գործիք ծառայել: «Մարդիկ պետք է ընկալվեն որպես գիտակից սուբյեկտներ: Կարեւոր է, որպեսզի հասարակությունը նույնպես հասկանա, որ երկրի տերն է, եւ ձեւավորի իր օրակարգը: Այն ամենը, ինչ կատարվում է, պայմանավորված է Հայաստանում ազդեցիկ որոշումներ կայացնելու մեխանիզմների բացակայությամբ: Բացի դրանից` հասարակությունը ցանկանում է կանխատեսելի իշխանություն տեսնել, որը հստակ գիտի` ինչ է անում եւ ուր է գնում», - ընդգծել է Բորիս Նավասարդյանը, հավելելով, որ ցանկացած իշխանություն, որը ճամփի կեսից փոխում է քաղաքական վեկտորը, անկախ ամեն ինչից, կորցնում է վստահությունը: Ըստ Նավասարդյանի`այսօր երկրում քաղաքական ուժերը ցանկանում են ղեկավարել այն` չունենալով օրակարգ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























