Ուկրաինայի «ռեգիոնականները» ընդդիմություն են դառնում, հայտարարում խորհրդարանում քաղաքական կոռուպցիայի եւ ոչ անհատական քվեարկության փաստերի մասին: Գերագույն ռադայի համաձայնեցման խորհրդի նիստում հայտարարել է Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը:
«Հաշվի առնելով, որ դուք իշխանությունը ձեր ձեռքն եք վերցրել եւ կառավարություն ձեւավորելու հնարավորություն ունեք, մենք որոշել ենք դառնալ ընդդիմություն», - ասել է Եֆրեմովը: Ըստ նրա՝ խորհրդարանում առանձն պատգամավորներին աջակցող խմբեր են ձեւավորվում՝ ղեկավար պաշտոններ ստանալու նպատակով:
«Գումարները, որոնք պատգամավորներին այսօր առաջարկվում են խմբերին միանալու համար, զարմացնում են», - ասել է նա: Բացի դրանից` Եֆրեմովը ուշադրություն է դարձրել, որ խորհրդարանում ոչ անհատական քվեարկության դեպքեր են լինում, մասնավորապես, օգտագործում են ռեգիոնականների քարտերը` առանց նրանց իմացության: «Մեր խորհրդարանում նախկինում նման բան չկար», - ասել է նա:
Արձագանքելով համաձայնեցման խորհրդի նիստի մասնակիցների զայրացած բացականչություններին` Եֆրեմովը պարզաբանել է, որ երբ ռեգիոնականները մեծամասնություն էին կազմում, նրանք նախապես համաձայնեցնում էին «կոճակ սեղմելը գործընթացը» եւ ուրիշների քարտերը օգտագործում միայն բացակա գործընկերների իմացությամբ:
Ընդդիմություն դառնալու մասին հայտարարել է նաեւ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը, հայտնում է ԼԻԳԱ-ն:




























