«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում գումար փոխանցել կուտակայինի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով աշխատանքից հեռացված Մետրոպոլիտենի շարժասանդուղքի 3 մեքենավարների՝ Գագիկ Գալստյանի, Սեւակ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Գեւորգյանի համար բացված հաշվեհամարներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը:
«Մետրոպոլիտենի արդեն նախկին աշխատակիցներին օգնելու համար հրապարակել ենք նրանց հաշվեհամարները, որպեսզի մարդիկ տեսնեն ու օգնեն»,- ասաց նա:
Արտաշես Արաբաջյանը տեղյակ չէ, թե ինչքան գումար է հավաքվել. «Ճիշտն ասած՝ ֆինանսական հարցերը մեզ չեն հետաքրքրում, բայց արդեն ահագին մարդ առաջարկել է իր օգնությունը: Մեր նպատակն է օգնել էն մարդկանց, ում անհիմն աշխատանքից հեռացրել են»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երեւանի Մետրոպոլիտենի մոտ երկու տասնյակ աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել էին Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 14-ին տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ակցիայից հետո երեք աշխատակից՝ Անդրանիկ Գեւորգյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Գագիկ Գալստյանը հեռացվել են աշխատանքից: Մինչդեռ Մետրոպոլիտենի մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնել էին, որ աշխատանքից ազատված մեքենավարները «հազար անգամ թուքումուր կերած մարդիկ են»: Մարտի 3-ին հեռացված աշխատակիցները դիմելու են դատարան:




























