«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) հարուցված քրեական գործի երկրորդ դատական նիստը տեղի կունենա  փետրվարի 25-ին ժամը 10:00-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Արթուր Մկրտչյան):

Նշենք, որ Կիվիրյանը մեղադրվում է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նրան բերման ենթարկելիս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այնինչ, նույն օրը, ոստիկանները բազմաթիվ ապօրինություններ եւ բռնություններ են իրականացրել Կիվիրյանի նկատմամբ, սակայն քր.գործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ այլ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի, 3-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի հաղորդման հիման վրա, թե իբր Կիվիրյանն է հարվածներ հասցրել նրան եւ զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հրավածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Գործը երեք անգամ նախաքննական մարմին վերադառնալուց հետո հունվարի 22-ին ի վերջո հանձնվեց դատարան: Առաջին դատական նիստի ընթացքում՝ փետրվարի 12-ին, Կիվիրյանի պաշտպանները, բացահայտելով դատավորի կողմից թույլ տված ապօրինությունները, մեղադրեցին վերջինիս կողմնակալության մեջ եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին: Մասնավորապես, դատավորը՝ ա) 01.02.2014թ. որոշում է կայացրել Կիվիրյանի նկատմամբ 07.11.2013թ. ընտրված եւ ավելի ուշ դատախազի ցուցումով ՀՔԾ քննիչ Լեւոն Մելքոնյանի կողմից «ստորագրությունը չհեռանալու մասին» վերացված խափանման միջոցը թողնել անփոփոխ, բ) նուն որոշման մեջ գտել է, որ քրեադատավարական օրենքի էական խախտումներ առկա չեն եւ քրեական գործի վարույթը կարճելու հիմքեր չկան, չնայած դրանց առկայությանը, գ) առանց դատավարական որեւէ կողմի ծանուցելու՝ վրիպակն ուղղելու նպատակով փետրվարի 10-ին նիստ է հրավիրել եւ «անհստակությունները վերացնելու մասին» որոշում կայացրել, դ) մերժել է դատական նիստի ձայնագրությունը էլեկտրոնային կրիչով Կիվիրյանի պաշտպաններին տրամադրելու օրինական պահանջը, փոխարենը ներկայացվնելով միայն թղթային տարբերակը՝ երկէջ կոպիտ սխալների առկայությամբ արձանագրության տեսքով: Դատավորը մերժեց երկու անգամ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 25-ին, պետք է ցուցմունք տան այն ոստիկանները, որոնք բռնություն են գործադրել Ա.Կիվիրյանի նկատմամբ եւ մեղադրյալ ճանաչվելու փոխարեն ճանաչվել են տուժող եւ վկա:

Ա.Կիվիրյանի պաշտպանները 16.01.2014թ. ՀՔԾ միջնորդություն են ներկայացրել պահանջելով կարճել Կիվիրյանի դեմ հարուցված քր. գործը եւ պատասխանատվության ենթարկել նրա նկատմամբ բռնություն գործած ոստիկաններին: Միջնորդությունը մերժվել է, իսկ վերջինիս բողոքի քննությունը տեղի կունենա մարտի 3-ին:

Ա.Կիվիրյանը հրաժարվել է օգտվել իրեն առաջարկված համաներումից եւ հայտարարել, որ շարունակելու է պայքարը հանուն արդարության, որպեսզի իր խախտված իրավունքները վերականգնվեն եւ իր նկատմամբ բռնություններ եւ ապօրինություններ գործած անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Ա.Կիվիրյանի համախոհները կոչ են անում միանալ այս պայքարին, քանի որ Հայաստանի ազատ քաղաքացիները պետք է պայքարեն արդարության վերականգնման համար եւ թույլ չտան քաղաքական հալածյալ՝ «Սա բոլորիս պայքարն է, քանի որ ցանկացած ապօրինություն քաղաքացու նկատմամբ խոցելի է դարձնում ողջ հասարակությունը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am