Եթե Ուկրաինան մտներ Մաքսային միություն, Հայաստանն իրական ինքնիշխանությունը կկորցներ առաջիկա տարիներին: Փետրվարի 24-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի հարցերով համակարգող,  Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Ըստ նրա`  դա կնշանակեր, որ եւ քաղաքական, եւ տնտեսական տեսանկյունից Հայաստանի շահերը կներկայացվեին այլ երկրի կողմից: Նավասարդյանն ընդգծել է, որ Ռուսաստանի համար դա բնականոն է: «Իսկ եթե Ուկրաինան ընտրի եվրաինտեգրման ուղին, նշանակում է, որ մենք դեռ  հույսեր կունենանք, որ կվերադառնանք բնական եւ ազդեցիկ զարգացման ուղի», - նշել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագիր կստորագրվի նոր կառավարության ձեւավորվելուց անմիջապես հետո:

Ըստ Բորիս Նավասարդյանի` Ուկրաինան կորցնելով` Ռուսաստանը կարող է  ամուր պահել այն երկրները, որոնք այսօր իր ազդեցության տակ են, եւ թույլ չտալ նրանց  զարգացումը որեւէ այլընտրանքային ուղով: «Սակայն կարող է նաեւ հակառակը տեղի ունենալ. եթե չի ստացվել Ուկրաինայի դեպքում, ապա եվրասիական ինտեգրման ողջ նախագիծը կորցնում է իր ուժը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի համար տնտեսական որեւէ նշանակություն չունի: Իսկ ինչ վերաբերում է անվտանգության եւ քաղաքական համագործակցությանը, ապա այստեղ որեւէ կասկած չկա, որ դա կշարունակվի, նույնիսկ եթե Հայաստանը Ասոցացման համաձայնագիր նախաստորագրի», - եզրակացրել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am