«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեի մահվան առթիվ քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով (բացակայում է հանցագործության դեպքը) քրեական գործի հարուցումը մերժվել է:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 2-ին՝ ուշ երեկոյան, ահազանգ է ստացել, որ 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեն անհետ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին եւ չեն իմանում նրա գտնվելու վայրը: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի երիտասարդ տնօրենի դին: Մայրուղու վրա հայտնաբերվել է կոմերցիոն տնօրենի «Հունդայի» մակնիշի մեքենան: Մեր աղբյուրները հայտնել էին, որ Արչիլ Մաղրաձեն գնացել էր Ծաղկաձոր՝ սնոուբորդով սահելու, սակայն ընթացքում մոլորվել է, իջել ձորի մեջ՝ «Թթու ջուր» կոչվող տարածք: «Ոտքով ձյան մեջ քայլելով փորձել է բարձրանալ վերեւ, բայց չի կարողացել գնալ, ուժասպառ է եղել, ընկել եւ սառել»,- հայտնել էր մեր աղբյուրը: Այդ գիշեր Ծաղկաձորում -32 աստիճան է եղել, նրան հայտնաբերել են ձյան մեջ թաղված: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը ամուսնացած էր, ուներ 4 երեխա, նա տարիներ ի վեր աշխատել է VimpelCom ընկերությունում՝ տարբեր երկրներում լինելով ընկերության մասնաճյուղի ղեկավար կամ զբաղեցնելով այլ բարձր պաշտոններ:




























