ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր՝ փետրվարի 24-ին, ինքնահրկիզման փորձ է կատարել 50-ամյա Արմեն Վարդանյանը, որը քրոջ՝ Սիլվա Վարդանյանի հետ գնացել էր այնտեղ՝ պահանջելու վերադարձնել իրենցից խաբեությամբ խլված բնակարանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սիլվա Վարդանյանի որդին՝ Հայկ Եղիազարյանը:
«Մամաս ու քեռիս մտան նախագահականի քաղաքացիների ընդունման բաժին, որպեսզի բողոք ներկայացնեն Մալաթիա-Սեբաստիա վարչական դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի կայացրած որոշման դեմ, որով մերժել է մեզնից խաբեւությամբ խլած, բնակարանի առուվաճառքի կեղծ գործարքն անվավեր ճանաչելու մեր հայցը: Բայց, կոպիտ ասած, իրանք ոնց որ մեզ ցրեն, դրա համար քեռիս դուրս եկավ ու բենզին լցրեց իրա վրա. ոստիկանները եկան, թույլ չտվեցին, որ կրակ վառի: Իրանց տարան ոստիկանություն, դեռ չեն եկել»,- պատմեց Հայկ Եղիազարյանը:
Եղիազարյանի խոսքով, եթե ոստիկանները բենզինը շիշը չվերցնեին, քեռին կվառեր իրեն. «Ոտքից գլուխ ճպճպում էր բենզինի մեջ, կայծն էր պակաս: Ինքը իրոք կվառեր լուցկին, ուժեղ, բռնկվող մարդ ա, որ մի բան մտքին դրել ա, կանի»
Հայկի Եղիազարյանի խոսքով՝ իրենք ամեն քայլի կդիմեն, մինչեւ չվերադարձնեն իրենց բնակարանը. «Ուղղակի ոչ մեկ չի հասկանում, թե ինչ հոգեվիճակի մեջ ենք մենք: Չորս տարի ա քուչեքն ենք, վարձով ենք մնում: Ամեն ինչ էլ կանենք, մինչեւ մեր վրա ուշադրություն դարձնեն ու մեր խնդիրը լուծեն»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը մերժել է Սիլվա Վարդանյանին պատկանող բնակարանի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու հայցը:
Սիլվա Վարդանյանի ընտանիքը այդ հայցով դիմել է դատարան, քանի որ, նրանց խոսքով, տունը վարձակալած անձինք իրենցից խաբեությամբ խլել են բնակարանը՝ կեղծված փաստաթղթերով առուվաճառքի պայմանագիր կնքելով:




























