Հայաստանի միգրացիոն ծառայությունը չի զբաղվում օտարերկրյա պետություններում աշխատելու նպատակով մեր քաղաքացիների հավաքագրման եւ աշխատանքի տեղավորման գործառույթներով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Հայկական ատոմակայանի հարյուրավոր մասնագետներ դիմել են ՀՀ միգրացիոն ծառայություն, քննության հանձնել միջուկային անվտանգությունից եւ պատրաստվում են նույն աշխատանքը կատարել Ռուսաստանի Դաշնությունում:
Գագիկ Եգանյանը հայտարարել է, որ այդ տեղեկությունները իրականության հետ անգամ հեռավոր աղերս չունեն:
«Մեր ծառայությունը չի զբաղվում օտարերկրյա պետություններում աշխատելու նպատակով մեր քաղաքացիների հավաքագրման եւ աշխատանքի տեղավորման գործառույթներով: Բացի այդ, պետք է շատ վառ երևակայություն ունենալ, մեր ծառայությանը միջուկային անվտանգությունից քննություն ընդունելու իրավասություն վերագրելու համար»,-նշել է ծառայության պետը` միաժամանակ հորդորելով մինչեւ նման կարգի տեղեկատվություն հրապարակելը գոնե այն ճշտելու փորձ անել:



























