Մաքսային միության համատեքստում վերանայվել է կանխիկ գումարի առավելագույն շեմը, որով կարելի կլինի մուտք գործել Հայաստան: Այս մասին փետրվարի 24-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԿԲ Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: Ըստ նրա՝ այժմ այդ գումարը 15 հազար եվրո է:
«10 հազար դոլարի շեմը նախատեսված է եւ ՄՄ, եւ աշխարհի տարբեր երկրների համար: Այդ պատճառով էլ մեզ համար եւս նպատակահարմար է վերանայել մեր սահմանը», - հայտնել է Ազատյանը: Այս չափը գերազանցող գումարով մուտքի դեպքում անհրաժեշտ է հավելյալ փաստաթղթեր ներկայացնել` սահմանված կարգով:
Սահմանը, ինչպես եւ նախկինում, տարածվում է միայն կանխիկ գումարների վրա: Շարժական գույքի դեպքում դրա մաքսային արժեքի հաշվարկը, ինչպես նաեւ մաքսային հարկերի եւ ԱԱՀ-ի անհրաժեշտ վճարումները սահմանում է պետեկամուտների կոմիտեն:



























