Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ՝ նախագահ Գաուկը եւ դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջեւ ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական  եւ մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: 

Շնորհավորելով դեսպանին նախագահ  Գաուկը հույս հայտնեց, որ  Վահան Հովհաննեսյանն իր փորձը եւ գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ: