Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանն ու «Երեւան Ջուր» ընկերությունն այս տարի նախատեսվածից ավելի շուտ են սկսել մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե դա պայմանավորված է դեկտեմբեր-հունվար ամիսների առատ տեղումներով, որոնց հետեւանքով փողոցների մեծաքանակ աղն ու ավազը անձրեւների ժամանակ կարող են խոչընդոտել հեղեղատարների թողունակությանը: Դիտահորերից հեռացվում են նաեւ տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերեւների կուտակումները: Սրանք այս ուղղությամբ տարվող նախնական աշխատանքներ են, քանի որ որոշ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրեւներին ընդառաջ:
Մինչ այդ, գործընթացի ներկա փուլին աջակցում են նաեւ վարչական շրջանների սանիտարական մաքրման ձեռնարկությունները, որոնց մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներով էլ համապատասխան վայրեր են տեղափոխում դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները:
2014 թվականին մայրաքաղաքում ըստ առաջնահերթության կընթանան ջրահեռացման համակարգերի նորոգման ու ընդլայնման՝ նախորդ տարիներին մեկնարկած աշխատանքները:




























