Ոչ ոք Հայաստանի մաքսային մարմիններից չի պահանջում մաքսային հայտարարագրեր կազմելիս հրաժարվել հայերենից: Այս մասին փետրվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Ըստ նրա՝ եթե երրորդ երկրների հետ առեւտրում հայտարարագրերը լրացվում են հայերեն եւ անգլերեն, ապա Մաքսային միության ներսում կկազմվեն հայերեն եւ ռուսերեն: Այլ կերպ ասած՝ հայերենից ոչ ոք չի հրաժարվում: Երրորդ երկրների հետ առեւտրում ձեւաթղթերը կմնան հայերեն եւ անգլերեն:
«Երկու դեպքում էլ համարյա մտածել պետք չէ, թե երկու լեզուներից որն ընտրել լրացնելու համար. պետք է միայն հարկավոր թվերը լրացնել պատրաստի աղյուսակներում: Իսկ թե ով ինչ լեզվով կկարդա ձեւաթուղթը, դա արդեն՝ ում ինչպես հարմար է», - հայտնել է Միրումյանը:
Նշենք, որ վերջերս Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինովը հայտնել էր աշխատանքային լեզուն Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ թղթաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին, «այլապես այդ երկրներում իրար չեն հասկանա»: Հայտարարությունը դժգոհութուն էր առաջացրել Հայաստանի քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ ՀՀԿ-ի մոտ:



























