Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը, որի 37-րդ հոդվածով սահմանվել է քաղաքացիների պատասխանատվությունը օրենքի խախտման համար:

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից հայտնում են, որ եթե նախկինում գործող օրենսդրությամբ սահմանված էր, որ նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում էր եւ տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում էր նպաստ կամ այդ համակարգով տրամադրվող որեւէ այլ օգնություն ստանալու իրավունքից, ապա ներկայումս այս դրույթը մեղմացվել է, այլեւս վեց ամսով զրկելու դրույթը հանվել է եւ ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում միայն դադարեցվում է նպաստի վճարումը: 

Այսինքն` եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը նվազում է ՀՀ կառավարության կողմից սահմանած սահմանային մեծության միավորից, ապա ընտանիքի նպաստի վճարումը դադարեցվում է, սակայն ընտանիքը կարող է օգտվել անապահովության սահմանային մեծության միավորից ցածր միավոր ունեցող ընտանիքներին այդ համակարգով տրամադրվող  աջակցության այլ տեսակներից: Իսկ եթե կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անապահովության միավորը չի նվազում սահմանային մեծության միավորից, ապա այդ ընտանիքը շարունակում է ստանալ նպաստը:

Ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման, բայց ոչ ավելի, քան հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավել գումարի չափից: