Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին:

Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, եւ ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ:«Օլիմպիական խաղերը մեծ տոն էին եւ բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային միջոցառմամբ, տիրում էր հիանալի մթնոլորտ»,- նշել Տիգրան Սարգսյանը:

«Հարգելի Տիգրան Սուրենի, ողջունում եմ Ձեզ Սոչիում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանել եք օլիմպիական խաղերի փակմանը: Ձեր երկրի նախագահը ներկա էր խաղերի բացմանը: Սա նաեւ մեր բարեկամության եւ գործընկերության խորհրդանիշ է: Այսօր նման աշխատանքային հանդիպման ընթացքում հնարավորություն ունենք անդրադառնալ ռուս-հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաեւ երկկողմ առեւտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ»,- նշել է Դմիտրի Մեդվեդեւը:

Այնուհետեւ, երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական եւ ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարեւոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում եւս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առեւտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից եւ վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:

Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը բարձր են գնահատել նաեւ Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում են արդյունաբերական եւ հումանիտար համագործակցությանը:

Փետրվարի 23-ին Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Դրա շրջանակներում ՀՀ վարչապետը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: