Գերմանական հեղինակավոր Die Zeit պարբերականը մտահոգված է Ադրբեջանի դեսպանատան գործունեությամբ, որի ֆինանսներով հրապարակվում են կեղծ «գիտական» հոդվածներ:

Փետրվարի 19-ի հոդվածում (http://www.zeit.de/2014/08/aserbaidschan-humboldt-universitaet)  օրաթերթն անդրադարձել է Բեռլինի Հումբոլդտ համալսարանի Պատմության ֆակուլտետի ներքո գործող աղրբեջանական պատմության եւ մշակույթի ամբիոնին եւ նրա ղեկավար, պրոֆեսոր Մարիա-Եվա Աուխին:

Փաստացի առաջին անգամ գերմանական մամուլում բացահայտ խոսվում է ամբիոնի ֆինանսավորման աղբյուրների մասին։ Ամբիոնը, որն ըստ էության զբաղվում է կեղծիքների վրա հիմնված «գիտությամբ» եւ գիտական մակարդակով Գերմանիայում Աղրբեջանի համբավի բարձրացմամբ, ուղղակիորեն ֆինանսավորվում է Գերմանիայում աղրբեջանական դեսպանատան կողմից, որը միայն տիկին Աուխին, իբրեւ աշխատավարձ տարեկան վճարում է 75.000 եվրո։ Դրան գումարած ադրբեջանական կառավարությունը ֆինանսավորում է ամբիոնի շրջանակներում տեղի ունեցող սեմինարներ, գիտաժողովներ եւ այլ միջոցառումներ։

Հոդվածի հեղինակները կասկածի տակ են դնում ամբիոնի օբյեկտիվությունը՝ արդարացիորեն ենթադրելով, որ Ադրբեջանի կոռումպացված իշխանությունները ձգտում են ոչ թե զարգացնել գիտությունը, այլ հետապնդում են սեփական նեղ շահերը:

Նշենք, որ ամբիոնը բացվել է 2010 թվականի աշնանը եւ կնքված պայմանագրի համաձայն գործելու է մինչեւ 2015 թվականի աշնանը, սակայն չի բացառվում, որ ադրբեջանական կառավարությունը կնքի նոր պայմանագիր եւ շարունակի այդ ամբիոնի ֆինանսավորումը։

Եվա-Մարիա Աուխը ծնվել է 1956 թ. նախկին Արեւելյան Դերմանիայում, ԽՍՀՄ-ի տարիներին սովորել է Բաքվում։ 1985 թվականից դասավանդել է Գերմանիայի տարբեր համալսարաններում՝ դոցենտի կարգավիճակով։ 1999 թ. Բաքվի Արեւմտյան համալսարանի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչումը։