Հայաստանն ու Մաքսային միության մնացած երկրները կվերահսկեն երրորդ երկրներով, մասնավորապես՝ Վրաստանով կատարվող տարանցումները: Այս մասին փետրվարի 24—ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Ընդ որում, բացատրել է նա, խոսքը վրացի գործընկերներին չվստահելու մասին չէ:
«Պարզապես Մաքսային տարանցման համակարգը կարեւոր է մեզ համար` հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը: Եվ մենք, եւ ՄՄ-ի մեր գործընկերները պետք է իմանանք, որ տարանցիկ փոխադրումների ժամանակ ապրանքների ծավալը նույնն է մնում. չի ավելանում եւ չի պակասում», - ընդգծել է Միրումյանը:
Նշենք, որ եւ 2010թ., երբ սկսեցին քննարկել Միասնական մաքսային համակարգ Հայաստանի անդամագրման հարցը, եւ հետագա 4 տարիներին Հայաստանի պետական պաշտոնյաները միշտ նշում էին հենց ընդհանուր սահմանի բացակայությունը եւ ապրանքների տարանցման դժվարությունները:




























