Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հակակառավարական ցույցերի ֆոնին հարկադրված լքել է Բանգկոկը:
Հայտնի է, որ Յինգլակ Չինավատը արդեն շուրջ մեկ շաբաթ է մայրաքաղաքի սահմաններից դուրս է աշխատում:
Նա լրագրողների հետ զրույցում հակամարտող կողմերին երկխոսության կոչ է արել՝ մի քանի ամիս շարունակվող ճգնաժամը կարգավորելու համար, հայտնում է LB.ua-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Միաժամանակ Բանգկոկի եւ այլ խոշոր քաղաքների փողոցներում շարունակվում են բողոքները, կառավարական որոշ շենքեր շրջափակել են ընդդիմության կողմնակիցները:
Այսպես, փետրվարի 23-ին մայրաքաղաքի առեւտրային թաղամասում պայթյունի հետեւանքով զոհվել էր երեք մարդ` ներառյալ երկու երեխա: Եվս 22 մարդ վիրավորվել էր:
Թաիլանդի ներկայիս կառավարությունը ժամանակավոր է եւ լիազորությունները պետք է վայր դնի փետրվարի 2-ին կայացած ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո: Ավելի վաղ ընտրությունների արդյունքները խոստացել էին ամփոփել ապրիլին, սակայն այժմ ամսաթիվը հետաձգվել է անորոշ ժամանակով: Չնայած դրան` հայտնի է, որ Չինավատի կուսակցությունը հաղթում է ընտրություններում` իր պոպուլիստական քաղաքականության շնորհիվ, որն ապահովում է նրա վստահությունը երկրի հյուսիսում, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Հիշեցնենք, որ Թաիլանդում բողոքի ցույցերը շարունակվում են 2013թ. նոյեմբերից: Բողոքողները պահանջում են Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականը: Ընդդիմությունը պնդում է, որ նրա եղբայր Թաքսին Չինավատը, որը նախկինում նույնպես գլխավորել է կառավարությունը, իսկ 2006թ. պաշտոնանկ արվել եւ փախել երկրից, քրոջ վրա մեծ ազդեցություն ունի:




























