Ազգային ժողովի պատգամավոր, վերջերս Երկրապահ կամավորական միության վարչության անդամ ընտրված Սամվել Ալեքսանյանը լավ հայ մարդ է, իսկ Արցախյան ազատամարտին մասնակցելու վերաբերյալ հարցրեք իր մարտական ընկերներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանի «շատ լավ ընկեր եւ բարեկամ», Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Վերջինս պատմեց, որ Սամվել Ալեքսանյանի հետ ընկերացել է 1994-1995թթ հետո, իսկ մինչ այդ ճանաչել են իրար, մտերիմ են եղել: Դավիթ Օհանյանը խնդրեց ազատամարտին մասնակցելու վերաբերյալ հարցերով դիմել անձամբ Սամվել Ալեքսանյանին: Դիտարկմանը, թե եթե այդքան մտերիմ եք, ձեզ հետ չի՞ կիսվել մարտական հուշերով, նախկին թաղապետն ասաց. «Շատ, շատ է կիսվել, նստե՞մ ամեն ինչ պատմեմ: Կարճ ասեմ՝ ինքը իմ շատ լավ ընկերն է, բարեկամը եւ շատ լավ հայ»:

Իսկ թե որտեղ եւ երբ է կռվել Սամվել Ալեքսանյանը, քաղաքապետի տեղակալը նշեց. «Ես չեմ մասնակցել ազատամարտին, պիտի իր հետ մասնակցող լինի, որ կարողանա ասել: Իր մարտական ընկերներից պետք է հարցնել, այն մարդկանցից, ովքեր կողքին են եղել»:

Դիտարկմանը,թե կարծես վստահ չեք, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է ազատամարտին, Դավիթ Օհանյանն այսպես հակադարձեց. «Ես իր ոչ մի խոսքի վրա չեմ կասկածում, եթե ասում է, ուրեմն՝ կռվել է»:

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասել էր, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին եւ եղել է 5-րդ բրիգադում։ Ավելի ուշ «Ազատության» լրագրողի հարցին, թե կոնկրետ որ շրջանի մարտերին է մասնակցել Սամվել Ալեքսանյանը, գործարար պատգամավորը պատասխանել էր. «Շահումյանում»։ Իսկ 5-րդ բրիգադի  տանկային գումարտակի  հրամանատարի տեղակալ, ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ 5-րդ բրիգադը Շահումյանում երբեք չի եղել, իսկ Սամվել Ալեքսանյանը արցախյան ազատամարտին չի մասնակցել։ Ի դեպ, ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանն էլ ասել էր, թե «էն ժամանակ, որ տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում  պեսոկի բիզնեսով էր զբաղված, եւ եթե Շմայսը մի փոքր արդարություն ունենա իր մեջ, կասի, որ Սամվել Ալեքսանյանը երբեք չի կռվել Ղարաբաղում»: Դրան, ի պատասխան, Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Ես պեսոկը չեմ հիշում, բայց 1993թ Մեղրի կռվել է Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, Սամվել Ալեքսանյանը մեզ հետ կռվել է՝ մեր կողքին»: