ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցին է անդրադարձել թուրքական Zaman-ի սյունակագիր Ալի Ասլանը՝ «Ինչու Օբաման ասաց. Ալո, Էրդողան» հրապարակման մեջ։
Zaman-ի սյունակագիրը հրապարակման սկզբում հիշեցնում է, որ 6 ամսից ավել է՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի զանգահարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Անկարայի շատ ցանկալի զանգը հնչել է օրեր առաջ։
Ալի Ասլանը նշել է, թե բավականին բարդ իրադրության մեջ հայտնված Էրդողանը միջազգային հանրության մոտ կրկին փորձում է բարձրացնել խարխլված համբավն ու հեղինակությունը եւ այդ համատեքսոտւմ փորձում է Օբամայի հետ կապի մեջ լինելու իմիտացիա ստեղծել։
«Սիրիայի, Իսրայելի, Եգիպտոսի եւ այլ հարցերում Թուրքիայի վարած քաղաքականությունը հեռացրել էր նրան ԱՄՆ-ի բարեհաճությունից։ Էրդողանը Օբամայի հետ հարաբերությունները ջերմացնելու համար Վաշինգտոն ուղարկեց ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, սակայն Էրդողանի ուղերձները օվալաձեւ գրասենյակի պատերից այն կողմ չհասան։ Գուցե Օբաման պատժում է Էրդողանին»,-նշել է Ալի Ասլանը՝ հավելելով, որ Օբամայի կողմից Էրդողանին զանգելու նախաձեռնությունը պատկանում էր թուրքական կողմին, իսկ Օբաման, հասկանալով, որ Էրդողանն արդեն պատրաստ է զիջումների եւ պետք է գոնե մեկ անգամ կատարել Էրդողանի խնդրանքը, զանգահարել է։
Նշենք, որ Ալի Ասլանի հրապարակումը աչքի է ընկել հեգնական «Ալո, Էրդողան» համատեքստում։ Վերջին շրջանում ինտերնետում հայտնվել էին գաղտնալսված հեռախոսազրույցներ, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրերի հետ կապված հրահանգներ է տալիս Haberturk-ի սեփականատեր Ֆաթիհ Սարաչին եւ գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին։
Այս հեռախսազրույցները մեծ արձագանք են գտել սոցկայքերում եւ նույնիսկ հումորներ են շրջանառվում «Ալո, Ֆաթիհ» զրույցի համատեքստում։




























