Գյուղացին պետք է ստանա ամենաթարմ  եւ ամենաարդյունավետ խորհրդատվությունը, իսկ այն կարող է մատուցել միայն գիտակ եւ իր պարտականությունների հանդեպ պատասխանատու  մասնագետը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Կոտայքի, Լոռիի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի աշխատանքային խմբերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են նախորդ տարվա գործունեության հաշվետվությունները եւ քննարկեցին ընթացիկ տարվա խնդիրները:

Նախարարության մամուլի բաժնից հայտնում են. «Նախորդ տարվա համար ծրագրված աշխատանքները կատարվել են, այսօր արդեն ընթացքի մեջ են այս տարվա համար սահմանված ծրագրերը, որոնք նույնպես, ըստ զեկուցողների, լավատեսության հիմքեր ունեն:

Այլ էին սակայն նախարար Սերգո Կարապետյանի մոտեցումներն ու պահանջները քննվող հարցերին: «Ի՞նչ է արվել գյուղացու վստահությանն արժանանալու համար: Ի՞նչ նոր ծառայություններ են մատուցվում նրան: Եվ արդյոք դա բավարար է մարզային խնդիրներին նորովի մոտենալու, առկա ներուժը լիովին օգտագործելու, արտաբյուջետային եկամուտներ ապահովելու համար»,- նշել է նա:

Նախարարը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել նաեւ կադրերի կոմպետենտության վրա: Շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնակիցները հավաստիացրել են, որ կարվի ամեն ինչ տրված հանձնարարականները կատարելու եւ ընթացիկ տարվա գործունեությանը նորովի մոտենալու համար»: