Բացարձակապես անհասկանալի է, ինչու է իշխանությունն ուզում, որ Տիգրան Սարգսյանը մինչեւ նոյեմբեր մնա վարչապետի պաշտոնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է նախկին վարչապետ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ գազային խնդրի քննարկումների ժամանակ: Նա նշել է, որ գազի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի ժամկետները չպետք է սահմանափակել մի քանի ամիսներով:
«6-8 ամիս մինչեւ նոյեմբե՞ր: Իսկ դուք ինչ եք ուզում, որ Տիգրան Սարգսյանն աշխատի մինչեւ նոյեմբե՞ր, ինչո՞ւ: Ով ասաց, որ նա պետք է աշխատի, նա այդ ի՞նչ է արել: Էլ չեմ խոսում այլ ղեկավարների մասին: Հունվարի տվյալներով՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 1 տոկոս»,-հայտարարել է Բագրատյանը:
Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի Հայաստան պետական այցի շրջանակում երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին», ըստ որի` ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը հանձնել էր ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին: Արդյունքում Հայաստանը ներռուսաստանյան սակագներով է գազ ստանում: Այդուհանդերձ, Հայաստանում սովորական սպառողը գազի համար կրկնակի թանկ է վճարում:



























