Հանուն ժողովրդի շահերի ԲՀԿ-ն պատրաստ է աշխատել ցանկացած անվան տակ գործող խորհրդարանական հանձնաժողովում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ նախաձեռնությանը:

«Ինչու հանկարծ պարզվեց, որ գազի դիամց Հայաստանը «Գազպրոմին» 300 մլն դոլար է պարտք: Ինչպես է ձեւավորվել այդ պարտքը եւ ինչպես է ձեւավորվում գազի մարժան, որը շատ մեծ է երկրում 660 գազ սպառողների համար: Ինչու է Հայաստանը որոշել պահպանել պարտավորությունները ռուսական կողմից գազի մատակարարումների ներկա պայմանները մինչեւ 2043 թվականը: Այս հարցերի պատասխաններն ստանալու համար էլ հենց ստեղծում ենք այս հանձնաժողովը: Բայց իշխանությունը մերժեց այդ առաջարկը, իբր այն հավասարակշռված չէր եւ իր մեջ քաղաքական տարրեր ուներ: Ստացվում է, որ ինչ էլ առաջարկեն ոչ կոալիցիոն ուժերը, դա համարվում է քաղաքական շահարկում: Իսկ այն, ինչ առաջարկում է իշխանությունը, լավագույն կերպով արտացոլում է հայ ժողովրդի շահերը»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, իրենց խմբակցությունը «ավելորդ հավակնություններ» չունի: «Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած անվան տակ գործող խորհրդարանական հանձնաժողովում, նույնիսկ ՀՀԿ-ի կամ իշխանության անվան հանձնաժողովում, միայն թե ստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները»,-ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի Հայաստան պետական այցի  շրջանակում երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին», ըստ որի` ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը հանձնել էր ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին: Արդյունքում Հայաստանը ներռուսաստանյան սակագներով է գազ ստանում: Այդուհանդերձ, Հայաստանում սովորական սպառողը գազի համար կրկնակի թանկ է վճարում: