Հանրային խորհուրդը փետրվարի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման եւ դրա հետ կապված հանրային դժգոհության հարցը: Վարչապետին ուղղված հարցերը որոշվել են այսօր՝ փետրվարի 24-ին Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ կայացած խորհրդի նիստի ժամանակ:
«Բացի կենսաթոշակային հարցից՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի պահպանման հարցը նույնպես հանդիպման օրակարգում է: Գիտակրթական ոլորտին առնչվող հիմնախնդիրները նույնպես վարչապետի հետ հանդիպման օրակարգում են: Մասնավորապես, կբարձրացվեն ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները, գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Մայրաքաղաքում կետային կառուցապատման եւ դրա հետեւանքով ստեղծված սեյսմիկ ու բնապահպանական իրավիճակի հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Հստակ օրինակներով կներկայացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող կառուցապատման երեւույթները, որոնք նաեւ հանրային դժգոհության ալիք են բարձրացրել, ինչպես նաեւ կներկայացվեն առաջարկներ երեւույթի տարածումը կանխելու համար:
Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման, ձկնային տնտեսությունների փակ եւ կիսափակ համակարգերի անցնելու, ինչպես նաեւ ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրման հարցը շարունակում է մնալ ՀԽ օրակարգում եւ կներկայացվի վարչապետին, քանի դեռ ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, եւ կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր:
Երեւանի ՋԷԿ-ի 400 մգվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման, ինչպես նաեւ Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հարցերը նույնպես հանդիպման օրակարգում են: Վարչապետի ուշադրությունը կհրավիրվի նաեւ Վրաստանից ազոտական պարարտանյութերի ներմուծման փոխարեն ազոտական պարարտանյութ արտադրելու նպատակով Վանաձորի քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության վրա:
Որպես առողջապահության ոլորտին առնչվող մասնավոր հարցեր՝ կներկայացվեն սոցիալապես անապահով հիվանդների բուժման համար հիվանդանոցների կողմից կատարած գերածախսը պետության կողմից ֆինասնավորելու կամ փոխհատուցելու անհրաժեշտությունը (մինչդեռ գերածախսը համարվում է որպես շահույթ եւ հարկվում պետության կողմից), ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդների վիրահատությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու հնարավորությունը»:




























