Հայաստանի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել է Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Այս մասին, նրանց հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Տիգրան Սարգսյանը:

«Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաեւ հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «Ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետեւ անհրաժեշտ են նաեւ գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձեւավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաեւ, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 Վարչապետի խոսքով՝ կան հաշվարկներ, թե ըստ ոլորտների ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ այդ ենթակառուցվածքները բարելավելու համար, սակայն այդ ցուցանիշները կհնչեցվեն այն բանից հետո, երբ բանակցությունները կավարտվեն:

 Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի քննարկման հաջորդ կարեւորագույն հարցը վերաբերել է Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին: «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների եւ իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք  գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը: