Վայքի թաղային, համայնքային ոստիկան Գաբրիել Վիրաբյանին վրաերթի են ենթարկել եւ թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 23-ի երեկոյան, Վայքի Ջերմուկի խճուղում: Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ ձեռնարկած աշխատանքների շնորհիվ պարզվել է վրաերթ անողի ինքնությունը, ով եղել է «Մերսեդես» մակնիշի մեքենայով: Երիտասարդը ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ տեղի ունեցածը ընդամենը անզգուշություն էր, ինքը չի իմացել, որ հետիոտնը թաղայինն է եւ նրան վնասելու դիտավորություն չի ունեցել, իսկ փախուստի է դիմել վախից: Գաբրիել Վիրաբյանը վթարի հետեւանքով վնասել է աջ ոտքը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:




























