ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի այսօրվա «պոռթկումը» հարիր չէր իր նման փորձառու խորհրդարանականին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ Հրայր Թովմասյանին ուղղված արտահայտությանը, թե «եթե իրեն ասենք «Ղալաթ ես արել, այ չաթլախ», թող չնեղանա»:
«Կարծում եմ` Արմեն Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար»,-գրել է Արմեն Աշոտյանը:
Հիշեցնեք, որ մեկնաբանելով ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի՝ Կառավարության հրաժարականի հարցը, Հրայր Թովմասյանը ասել էր՝ «ղալաթ են անում», ինչից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում հայտնել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։
Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։ «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը:




























