Բրիտանական «Daily Mail» թերթը սիրային պատմություն է ներկայացրել Եվրոմայդանի ցուցարար աղջկա եւ «Բերկուտի» ծառայողի միջեւ: Լիդիա Պանկիվը գործող ռեժիմի դեմ պայքարող ցուցարար էր, իսկ Անդրեյը՝ ոստիկան, որը կանգնած էր ցուցարարների դիմաց: Լիդիան կանանց շարքում էր, որոնք կենդանի վահան կազմած պաշտպանում էին ցուցարարներին, որպեսզի կանխեն բռնությունը: Այդ պահին նրան է զանգահարել ընկերուհին եւ խնդրել ձերբակալվածների մեջ գտնել իրենց ընկերներից մեկին: «Ես ասացի, որ նա զանգահարի ինձ եւ երկու անգամ շատ բարձրաձայն կրկնեցի հեռախոսիս համարը, քանի որ աղմուկ էր»,-պատմել է աղջիկը:

Շուտով նա SMS հաղորդագրություն է ստանում Անդրեյից, որտեղ նա գրում է իր անունը եւ ասում, որ ցանկանում է ամուսնանալ աղջկա հետ: Երիտասարդի խոսքով՝ ինքը ցնցվել է, երբ տեսել է, թե ինչպես է անպաշտպան աղջիկը կանգնում զինված տղամարդկանց արանքում: Նա հիշել է հեռախոսի համարը, երբ աղջիկը բարձրաձայն այն հնչեցրել է:

Առաջին ժամադրությունը տեղի է ունեցել հենց Մայդանում: «Ես մտածեցի, որ հնարավոր է նրան կարողանամ համոզել, որ ինքը այն կողմից չէ»,-ասել է 24-ամյա Լիդիան: Ավելի ուշ աղջկան հրավիրել են «Ինտեր» հեռուստատեսություն, որտեղ նա պետք է ուղիղ եթերում ներկայացներ այս պատմությունը, սակայն Լիդիան օգտվելով առիթից կտրուկ քննադատության է ենթարկել իշխանություններին եւ իշխանամետ հեռուստաալիքը: