Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսով քննարկելի է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկը եւ Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրում քաղաքական իրավիճակի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ենթադրում էր վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը, ազգային համաձայնության կառավարության ստեղծում եւ արտահերթ նախագահական ընտրություններ, սակայն արդեն փետրվարի 22-ին Գերագույն Ռադան իր որոշումով փոփոխել է հիմնական օրենքը, պաշտոններից հեռացրել խորհրդարանի եւ ՆԳՆ-ի ղեկավարությանը:

Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են մայիսի 25-ին, ինչպես նաեւ բանտից ազատ է արձակվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Իր հերթին, ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ ներկայումս անհայտ է Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրը: