«Ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայում տեղի ունեցավ հեղափոխություն, որի համար ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Սակայն ոչ բոլոր հեղափոխություններն են հաջողում: Երբեմն իշխանությունն ուժ է գտնում ճնշելու ընդդիմությանը՝ դիմակայելու տարիներով՝ ինչպես Հայաստանում: Այնուամենայնիվ, Ուկրաինայի օրինակով կարող ենք արդեն հաստատապես ասել՝ շատ բան կախված է ղեկավարի անհատականությունից, նրա ընտրած մարտավարությունից, ճկունությունից, դաշնակիցներ գտնելու եւ մոբիլիզացնելու կարողությունից: Յանուկովիչն արեց իրենից կախված ամեն ինչ՝ իշխանությունը կորցնելու համար:
Անցած աշնանից նա մեկը մյուսի հետեւից թույլ տվեց առնվազն հինգ ճակատագրական սխալ: Դրանցից յուրաքանչյուրը կտրուկ վատթարացրեց նրա վիճակը, սակայն առանց նոր սխալների իշխանությունը դեռ կարելի էր պահպանել: Այդ շարքում առաջինը եվրաինտեգրումից հանկարծակի հրաժարվելն էր: Քաղաքականապես ակտիվ կիեւցիներին ամենից շատ վրդովեցրել էր ոչ թե որոշումն ինքնին, այլ դրա ձեւը:
Երկրորդ հարվածը եղավ այն ժամանակ դեռեւս համեստ Եվրամայդանի դաժան ուժային ցրումը: Կապված ռուսական վարկի եւ արձակուրդների հետ՝ մեծ Մայդանը հանգստացավ, սակայն Յանուկովիչը երրորդ հարվածը հասցրեց իր ռեժիմին՝ ընդունեց արգելող օրենքների «ա լյա ռուս» փաթեթ, որոնք շուտով ստիպված եղավ չեղյալ հայտարարել: Նախկին Սահմանադրությունը վերադարձնելու եւ արտահերթ ընտրություններ հայտարարելու շուրջ պայմանավորվելու վերջին հնարավորությունն իշխանությունը բաց թողեց անցած շաբաթվա սկզբին: Իսկ զենք կիրառելու ուժայինների թույլտվությունը դարձավ քաղաքական հարակիրի»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























