Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը ծառայողական քննության իրականացում է նշանակել ուժայինների նկատմամբ` ցուցարարների սպանության փաստով: Այս մասին ասվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 2014թ. փետրվարի 24-ի №142 հրամանով ծառայողական քննություն է նշանակվել «մի շարք մարզերում Ուկրաինայի ՆԳՆ-ի եւ գլխավոր վարչության ղեկավարների կողմից ծառայողական պարտականությունների չարաշահման փաստերով, որը հանգեցրել էր քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքներն իրականացնելու խոչընդոտմանը, նրանց կյանքի եւ առողջության նկատմամբ ոտնձգություններին»:

Հետաքննությունն անցկացնելու է Գլխավոր շտաբի, իրավական ապահովման, ներքին անվտանգության, հասարակական անվտանգության եւ Գլխավոր քննչական վարչության  29 անդամներից բաղկացած հանձնաժողովը:

Ավագովն այս ամենը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո, հայտնում է ԼԻԳԱ-ն:

Նշենք, որ ավելի վաղ Գերագույն Ռադայում Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատանքի իրավասուն պաշտոնանկ էր արել Կիեւի ոստիկանապետ Վալերի Կորյակին, որին հանցակից են համարում 2013թ. նոյեմբերի 30-ին Եվրամայդանը ցրելու մեջ: Իրենց պաշտոններից էին զրկվել պետավտոտեսչության պետը եւ Չերկասի, Դնեպրոպետրովսկի, Զակարպատների  ոստիկանության բաժանմունքների պետերը: