Երգչուհի եւ հասարակական ակտիվիստուհի Ռուսլանան հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի նոր կառավարության կազմում: Այսպիսի ենթադրություն է արել «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Պավլովսկին:
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ երգչուհին նոր կառավարության կազմում ներկայացնի Մայդանի հասարակական սեկտորը:
«Նախատեսվում է, որ Ռուսլանան կառավարությունում կներկայացնի հասարակական սեկտորը… թեեւ նրա երգերը քաղաքականության դեմ են»,-սոցցացանցերում գրել է Պավլովսկին, հաղորդում է «ԼԻԳԱ»-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Գերագույն Ռադային նիստում խորհրդարանի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը խմբակցություններին եւ խմբերին հանձնարարել է մինչեւ փետրվարի 25-ը որոշել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հարցը:
Նշենք, որ 2006 թվականին Ռուսլանան պատգամավոր էր ընտրվել «Մեր Ուկրաինան» կուսակցության կողմից: Նա եղել է խորհրդարանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման տեղեկատվական ապահովության հարցերով ենթահանձնաժողովի նախագահը:




























