Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ամիսներ շարունակ կալանավորված Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դեռ չի դադարեցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը:
Նա նշեց, որ Արայիկի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունից հետո իրենց չեն կանչել քննչական գործողությունների, քրեական հետապնդումը դեռ չի դադարեցվել եւ գործով առայժմ որեւէ նորություն չկա:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում էին, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա դեկտեմբերի 25-ին դուրս է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:



























