Աղավնաձոր գյուղում հորեղբոր կողմից 1-ամյա փոքրիկին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնի դարձավ ոստիկանությունից:
Քրեական գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հատկանիշներով, ըստ այդմ՝ քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ: Քննության ընթացքում հորեղբոր մեղավորությունը ապացուցվել է, եւ նա ընդունել է իր մեղքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հազվադեպ մակերեսային շնչառությամբ, սրտի անբավարար աշխատանքի նշաններով» բուժօգնության է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակչուհի, 2012 թ. ծնված Մարի Պողոսյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանը տան դիմացի ճանապարհին վայր է ընկել եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամը 21.10-ին մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանի հորեղբայրը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան մոտ` գյուղամիջյան ճանապարհին, վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով մահ: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:




























