ԼՂ խնդրի լուծման հարցում Իրանի միջնորդությունը մեզ համար ձեռնտու չէ։ Այս մասին այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը: «Չեմ կարծում, թե արժե Իրանին ներքաշել որպես ԼՂ հարցում միջորդ, քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Հայաստանի համար օպտիմալ բանակցությունների ձևաչափ է առաջարկում, եւ Մինսկի խմբի մենաշնորհից ձերբազատվելը մեզ համար ձեռնտու չէ»,- նշել է իրանագետն ու հավելել. «Ադրբեջանն իր կողմից նախնական դրական եզրակացություն է հայտնել Իրանի միջնորդությանը, սակայն գտնում եմ, որ ՀՀ-ի համար նման միջնորդությունը ցանկալի չի լինի, քանի որ այն կստեղծի նախադեպ, որից հետո Բաքուն կարող է Թուրքիային առաջարկել՝ Իրանի պես որպես միջնորդ ներքաշվել բանակցային գործընթացի մեջ»:

Այնուհետեւ անդրադառնալով Իրան-Արեւմուտք հարաբերություններում Թուրքիայի միջնորդության հավանականությանը, Ս. Սարուխանյանն ասել է, որ Իրանը նման միջնորդության կարիք չունի, սակայն նա կարող է համաձայնել նման ձեւաչափի, եթե մտածի, որ այդկերպ հնարավոր կլինի առավել լղոզել բանակցային գործընթացը Արևմուտքի հետ եւ բարդացնել այն:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցներին, իրանագետը նշել է, որ կիրառվելիք պատժամիջոցները չեն վերաբերի գազի և նավթի ոլորտներին, քանի որ Արևմուտքը դեռ պատրաստ չէ հրաժարվել իրանական նավթի ներկրումից։ Այս տեսանկյունից, ըստ նրա, Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը չի տուժի այդ հնարավոր պատժամիջոցներից: