«ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հիմքերը վերանայելու, ինչպես նաեւ Հայաստանի հետ Հարեւանության քաղաքականության գործողությունների պլանը թարմացնելու անհրաժեշտությունը` համապատասխանեցնելու ապագա համագործակցության բովանդակությանն ու նկրտումներին: Այս մասին, «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին դասընթացի բացման արարողության ժամանակ նշել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ վճռական են ապագա համագործակցության հարցում` ժողովրդավարական ինստիտուտների եւ դատական համակարգի, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության խթանման, լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ քաղաքացիական հասարակության հզորացման շարունակական բարելավմամբ:
Հիմնական բանախոսը Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ԵՄ արտաքին քաղաքականության փորձագետ Հրանտ Կոստանյանն էր, որ ներկայացրել է իր դատողությունները «Հայաստան-ԵՄ հարաբերությունները. որքա՞ն ենք իրարից հեռացել» թեմայի շուրջը, որին հաջորդեց մասնակիցների ակտիվ քննարկումը:
Դասընթացի հատուկ թեման միգրացիան էր: ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալլիստեն ներկայացրել է ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են 2014թ.-ի հունվարի 1-ից: «Թիրախավորված նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն էլ ներկայացրել է ԵՄ կողմից ֆինանսավորվող իր ծրագիրը:
Նշենք, որ «ԵՄ-ն Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ եւ բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում է գրավիչ դասընթաց ու օգտակար ցանցային միջոցառում ավագ պաշտոնյաների եւ հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:
Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար եւ կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուսանողներ:




























