Ես դատավոր չեմ եւ չեմ ցանկանում որեւէ մեկին ոչ արդարացնել, ոչ մեղադրել, ես ընդամենը սթափության կոչ եմ անում բոլորին, որովհետեւ այսպես արդեն հնարավոր չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Հրայր-Թովմասյան-Արմեն Ռուստամյան «հայհոյախառը կռվին»:
Նա շեշտեց, որ «Հրայր Թովմասյանը սխալ է արել, չի կարելի, որովհետեւ, այնուամենայնիվ դա Ազգային ժողով է, դա պառլամենտ է, թեեւ ինքը կարծում է, որ այնտեղ պառլամենտարիզմից բան չի մնացել, այնտեղ ամեն ինչ է. «Այնուամենայնիվ, եթե մենք ինքներս չհարգենք մեզ, էլ ոչ ոք չի հարգի, տրորվելու ենք դրսից: Դա վերաբերում է բոլոր կողմերին: Սաղ տղայականով են արդեն, ընդ որում՝ փողոցային տղայական, մոռացել են, որ քաղաքականությունը փողոց չի, բոլորն են մոռացել: Օրինակ՝ ամբողջ աշխարհում թանգարանում, մշակույթի կոթող մտնելիս ֆեյս-կոնտրոլ կա, դրես-կոդ կա, բայց հիմա մեր մոտ պետք է քաղաքականությունը դնել ֆեյս-կոնտրոլ»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը կոչ արեց ոչ թե այդ ամենի վրա յուղ լցնել, կայֆավատ լինել, այլ Աժ-ում բոլորին ասել՝ «հո դուք կենդանի՞ չեք, մոռացե՞լ եք դուք ով եք, ջունգլիում չեք գտնվում»: Նրա կարծիքով՝ այս հորդորը կլսեն բոլորը, նաեւ նրանք, ովքեր «Շմայսներին», «Լֆիկներին» թողել են խորհրդարան: «Որ շմայսներին եւ լֆիկների քոքը չեն կտրում, պարկեշտ մարդիկ էլ են իջնում այդ մակարդակին, փոխանակ մենք մակարդակը բոլոր տեղերում բարձրացնենք, եկեք պլանկան պահենք»,- նշեց Կարեն Քոչարյանը:
Նշենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, ասել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։
Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։ «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























